Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Վկայում եմ

Վկայում եմ
11.12.2024 | 19:57

Հայոց ընթացիկ կյանքը էապես ապազգայնացած է, ապահայրենացած ու ապապետականացած: ՈՒրացումն ու այլասերումը հանրային, այլեւ կառավարական վարքագծի են վերածվել: Ազնվական հայ մարդը հայտնվել է աշխարհի նախահարձակության եւ սեփական կառավարիչների դավադրության դեմ-դիմաց,- եւ այդ ամենը, նախ եւ առաջ, հոգեւոր-բարոյական կենարար աղբյուրներից երես թեքելու պատճառով. վկայում եմ:

Ետդարձն հայկական, նույնն է՝ համամարդկային շրջածիր, կարող է տեղի ունենալ առավելապես հոգեւոր նոր վերելքով, երբ դարձյալ էական դերակատարություն կունենան ինքնության ու պատմության արժեւորումը, ժառանգորդությունն ու արժանապատվությունը, գիրն ու արվեստը: Ռազմիկը, հոգեւորականը, գրողը, արվեստագետը եւ նրանց մերձակիցները արդարորեն կայանում են նախ եւ առաջ ազգի ու Հայրենիքի խաչվածքում. վկայում եմ:

Հայկական երազանքը սկիզբ է առնում Բանից, որը մարմնավոր տեսքով Մասիսի կերպարանքն ունի: Առանց երազանքի խամրում եւ վաղաժամ մեռնում են մարդիկ, ժողովուրդներն ու երկրները: Հայաստանը միշտ զորավոր է եղել այն պահերին, երբ երազել է, ստեղծագործել ու մարտնչել. վկայում եմ:

Արցախը Հայոց ներկա խիղճն է, տառապանքն ու արդարությունը, որ մեկտեղ իմաստ ու հեռանկար են հաղորդում հայկական գալիքին: Չի կարելի հաշտվել Հայրենիքի կորստյան հետ, եթե անգամ «փոքր» մակդիրով է հատկանշվում: Հայրենիքը մեծ կամ փոքր չի լինում, նա անսահման է, եզակին. վկայում եմ:

Ամեն ոք իր տեսակն ու ժառանգությունը պահպանելու առնվազն մեկ միջոց ունի՝ ստացած շնորհքի ու կոչման սահմաններում: Ես դա անում եմ գրի ուժով: Փափագս է, որ նոր լույս տեսած իմ ժողովածուն իր բանաստեղծական շարքերով, թեկուզ մի կաթիլ նշանակությամբ, մասնակիցը դառնա մեր ճակատագիրն ըստ բնեղ հոգեձուլվածքի, երկրի ու Աստծո, ըստ սաստկացող մարտահրավերների վերաձեւելու մաքառմանը: Ով բանի/գործի ու Բանի միջեւ չի տքնում ոգու ազատությամբ, նա չարի ստրուկն է. վկայում եմ:

«Փռվել է երկիրդ խաչված մոգի պես / եւ կատարյալ է թախիծը Հոգու / բայց կա ճերմակը «ա» ձայնավորի անմեղության պես / եւ ծիրանին կա արշալույսների մագաղաթներին / Ճերմակի վրա հրեշտակն է զույգ ծննդաբերում / ծիրանի գունդն է շարժվում հայտնության բարձրավանդակով / եւ ներարեւդ եռապատկվում է հարազատ Բանից»: Վկայում եմ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5544

Մեկնաբանություններ